Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակումը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան

Դատապարտելի է, երբ ազատազրկվածին լուսանկարում են և հրապարակում են. սա իրավունքի խախտում է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում. «Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է համաձայնություն իրեն լուսանկարելու և հրապարակելու, ապա ԶԼՄ-ն պետք է ծանրութեթև անի՝ այն հրապարակե՞լ, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքը ազատորեն չի ձևավորվել: Այդ սկզբունքից ելնելով է, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում»,-ասաց նախարարը:

Արտակ  Զեյնալյանի դիտարկմամբ՝  չէր կարելի լուսանկարել և չէր կարելի հրապարակել լուսանկարը՝  անկախ անձից և վերջինիս նկատմամբ վերաբերմունքից:

«Լուսանկարը կատարված չէ «Կենտրոն» ՔԿՀ-ում, դա արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում» ,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը՝ կրկին լրատվամիջոցներին կոչ անելով, որ ձեռնպահ մնան նման հրապարակումների տարածումից:

Հիշեցնենք, որ նախորեին լրատվամիջոցներում տարածվել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը իբրև թե «Կենտրոն» ՔԿՀ-ում արված: