Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը կքննարկվի վաղը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում

Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի վաղը` հունիսի 19-ին, ժամը 11-ին: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին վարչապետը անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից աղմկահարույց բացահայտմանը ԱԺ պատգամավոր ՄԱնվել Գրիգորյանի վերաբերյալ. «Տեղյակ եք իրադարձություններից, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել, և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Ցնցող են բացահայտումները, շոկային են հայ հանրության համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և խնդրել է շնորհակալություն փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այդ գործողություններին։ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ականներին և  Արթուր Վանեցյանին դիմելով ասաց՝ հասկանում են, որ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, և դրան նախորդել է ծավալուն աշխատանք:

Վարչապետը հայտնեց, որ առաջիկայում այս թեմայով խորդակցություն կհրավիրի, որպեսզի հստակություն մտցվի և բարելավվի իրավապահ համակարգի մակարդակը. «Հույս ունեմ՝ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և դատախազությունը կապահովվի պատշաճ քննություն, որպեսզի գործի բոլոր մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ կոչումներից ու հարակից հանգամանքներից»,-հույս հայտնեց վարչապետը:

Վաղվա Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրվել է ԱԺ նախագահի հետ համաձայնության և զրույցի արդյունքներով և ըստ վարչապետի՝ ընթացակարգերը պահպանվել են։

Հիշեցնենք, որ  Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:  Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը:

Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Մեկնաբանություններ