ՃՈ տեսուչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 29.08.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Թ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՃՈ ավագ տեսուչ Ն. Թ.-ն, առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել է ԻԻՀ քաղաքացի Ֆ. Հ.-ի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, Ֆ. Հ.-ին մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ: Այնուհետև հիշյալ ոստիկանը, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հ.-ին 12 օրով ազատությունից զրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից պահանջել ու ստացել է խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՃՈ տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու մասին տեղեկացել է նույն ժամանակահատվածում վերջինիս հետ ծառայություն իրականացնող մյուս տեսուչը, ով  ծառայակցին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` թաքցրել է ծանր հանցագործության դեպքը և դրան սահմանված կարգով ընթացք չի տվել:

Այսպիսով, շորթմամբ խոշոր չափերով կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ն. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: