ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։
Արթիկի քննչական բաժինը նախկինում չի ունեցել առանձին մասնաշենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարությունը 2017 թվականին ՀՀ ՔԿ դեպարտամենտին անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է 245 քմ շենքային տարածք՝ Արթիկ քաղաքի Բաղրամյան 4 հասցեում: Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 9.062.350 ՀՀ դրամ։
Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Այն ունի 9 աշխատասենյակ, քննչական հատուկ գործողությունների համար նախատեսված սենյակներ՝ անչափահասների հարցաքննության, ճանաչման սենյակներ՝ համապատասխան կահավորմամբ:
Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով, երկու քննիչ դրամական խրախուսմամբ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
Նշենք, որ բոլորովին վերջերս շահագործման են հանձնվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության երկու քննչական բաժնի՝ Վարդենիսի և Մարտունու քննչական բաժինների նոր վարչական շենքերը՝ ամբողջովին վերանորոգված և կահավորված։
Քննչական կոմիտեն ձևավորման պահից՝ 2014 թվականի հոկտեմբերից, հետևողական քայլեր է ձեռնարկում՝ տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու, նյութատեխնիկական բազան համալրելու ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել քննչական գործողությունների իրականացումը, ապահովել վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:
2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են Քննչական կոմիտեի կենտրոնական, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:
Ներկայումս ընթացքի մեջ են ևս 5 վարչական շենքերի նորոգման աշխատանքները։