ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային հանդիպում է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ

Ս/թ հունիսի 18-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանի առաջին աշխատանքային հանդիպումը Ծառայության ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցության մեկնարկին, նախքան սահմանված ընթացակարգով քննարկվելիք հարցերին անդրադառնալը, Հակոբ Հակոբյանը Ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակված ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանին՝ Ծառայությունում երկարամյա, պատասխանատու  աշխատանքի համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, անդրադառնալով նոր ձևավորված ՀՀ կառավարության գործունեությանը, որն իր առջև երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր է դրել, նշեց, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա իր կարևորագույն դերն ու նշանակությունը որդեգրած այդ քաղաքականության մեջ, և Ծառայությունը պետք է աշխատի այնպես, որ կարճ ժամանակում արդյունքը տեսանելի լինի քաղաքացիների համար:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարում կատարողական վարույթների քանակի էական կրճատումը և դրանց որակի բարձրացումը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է օրենքով սահմանված կարգով բաց, թափանցիկ աշխատանքը: Հակոբ Հակոբյանը խիստ ուշադրություն է հրավիրել Ծառայությունում գործող թեժ գծի օպերատիվ արձագանքին՝ ընդգծելով դրա աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության, այդ թվում՝ հարկադիր կատարողների համազգեստի կրման և այլ աշխատանքային ընթացիկ գործունեության վրա: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Հարկադիր կատարողը, Հարկադիր կատարման ծառայությունը շատ լուրջ պատասխանատվություն են կրում մեր երկրի, կառավարության և ժողովրդի առջև: Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը, որևէ բացասական երևույթի արգելմանն ու կոռուպցիոն որևէ ռիսկի բացառմանը: Հարկադիր կատարողի առաքելությունը արդարադատության վերջին փուլի ի կատար ածումն է, և մենք դա պետք է անենք սպայական բարձր պատասխանատվության զգացումով: Ծառայության՝  մինչ օրս արձանագրած հաջողությունները նոր երկրում և նոր պայմաններում առավել արագ են առաջընթաց արձանագրելու>>:

   Խորհրդակցության շրջանակում Հակոբ Հակոբյանը մի շարք հանձնարարականներ է տվել Ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և նշել, որ պատասխանատու ղեկավարները սեղմ ժամկետում պետք է զեկուցեն տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Եզրափակելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բարի ծառայություն է մաղթել բոլորին՝ հորդորելով միասնական հաղթահարել Ծառայության առջև դրված խնդիրները և իրենց գործունեությամբ նպաստել  կառույցի հեղինակության շարունակական բարձրացմանը:

 

Մեկնաբանություններ