ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վ. Այվազյանին։ Վերջինս անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: