«Հայկական կողմը պետք է պատրաստ լինի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կսանձազերծի նոր Ապրիլյան պատերազմ». ադրբեջանագետ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանր հիվանդ է, տառապում է այնպիսի հիվանդությամբ, ինչից ժամանակին մահացել են հայրն ու մայրը: Բժիշկներն ամեն հնարավորն անում են, որ կյանքը գոնե մի քանի տարով երկարացնեն, սակայն, անօգուտ: Նրա մահից հետո նախագահի պաշտոնում կտեսնենք կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ում չի համակրում ադրբեջանցիների մեծ մասը», – այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանական իշխանափոխությունն իր հետ մեծ ցնցումներ կբերի, որն անշուշտ լրջագույն ձևով կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վիճակի վրա: Նոր իշխանությունը կարիք կունենա ինքնահաստատվելու, իսկ դա էժան չի նստի ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ տարածաշրջանի:

«Մենք պետք է նախօրոք պատրաստված լինենք այդ գործընթացին, հաշվարկված քաղաքականություն վարենք, ակտիվ գործողությունների անցնենք, որպեսզի անցած տարվա Քառօրյա պատերազմի իրավիճակում չհայտնվենք: Չենք կարող ասել, թե այս անգամ քառօրյա՞ կլինի, շաբաթակա՞ն, թե՞ ամսական»,- նշեց Այվազյանը:

Այն հարցին, թե ինչ ցնցումներ կբերի իր հետ Ալիևայի նախագահությունը, պարոն Այվազյանը նշեց, որ գուցե նոր Ապրիլյան պատերազմ սկսվի:

«Գլուխ կբարձրացնեն Գյանջայի կլանը, Շուշիի կլանը՝ դառնալով Ալիևային լուրջ ընդդիմություն: Ալիևան անգամ իր արտաքին տեսքով է վրդովեցնում ադրբեջանցիներին: Նրա դիրքը շատ խարխուլ է և Ալիևան ստիպված է լինելու ագրեսիվություն ցուցաբերել խոցելի հարցի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ: Արցախի հարցը դառնալու է զենք Ալիևայի ձեռքին՝ հայկական կողմին պատճառելով նոր զոհեր և կորուստներ: Ես ահազանգ եմ հնչեցնում. հայկական կողմը պետք է պատրաստ լինի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կսանձազերծի նոր Ապրիլյան պատերազմ»,- ասում է ադրբեջանագետը:

Վերջինս անդրադարձավ նաև հողերը հանձնելու խոսակցություններին՝ նշելով, որ մեզ համար շատ ամոթալի է եղել ապրիլյան պատերազմում թեկուզ մի թիզ հող կորցնելը:

«Հող հանձնողին, հանձնենք հողին»,- իր խոսքն ավարտեց բանախոսը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ