ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլայանը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի 100-ամյա տարելիցի առթիվ։ ԱԺ ղեկավարի շնորհավորական ուղերձում ասվում է․
«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած եւ դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության եւ օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:
Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման եւ ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում եւ հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլեւ հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի եւ անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:
Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք եւ ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:
Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաեւ արեւմտահայ գաղթականության ներկայացուցիչները:
Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձեւավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձեւավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաեւ հայ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական մտքի զարգացման համար:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ արժանվույնս գնահատենք մեր պատմությունն ու հպարտանանք նրանով:
Մաղթում եմ, որ պահպանենք ու փայփայենք մեր հայրենիքի` 20-րդ դարավերջին այնքան թանկ գնով ստեղծված երրորդ պետականության ինքնիշխանությունը եւ հանուն վաղվա օրվա անենք ամեն ինչ` Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն դարձնելու համար»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում: