Հայաստանը 14 երկրների շարքում է, որոնք զեկուցելու են մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Հունվարի 20-ին Ժնևում կսկսվի Աշխատանքային խմբի հերթական նիստը, որը գնահատում է մարդու իրավունքների վիճակը բոլոր պետություններում՝ առանց բացառության: Այս գործընթացը կոչվում է «համընդհանուր պարբերական վերանայում»:
Առաջիկա նստաշրջանի ընթացքում, որը կտևի հունվարի 20-ից 31-ը, բացի Հայաստանից, իրենց զեկույցները կներկայացնեն նաև Ղրղզստանը, Կիրիբատին, Գվինեան, Լաոսը, Իսպանիան, Լեսոտոն, Քենիան, Գվինեա-Բիսաուն, Շվեդիան, Գրենադան, Թուրքիան, Գայանան և Քուվեյթը։
Ակնկալվում է, որ այդ պետությունները կխոսեն այն մասին, թե ինչպես են նրանք կատարում իրենց իրավապաշտպան պարտավորությունները և ինչպես են իրականացնում նախորդ վերանայման ընթացքում ընդունված առաջարկությունները:
Ցանկացած պետություն, նույնիսկ եթե աշխատանքային խմբի անդամ չէ, կարող է մասնակցել ինտերակտիվ երկխոսությանը՝ որպես համընդհանուր վերանայման մաս: Միջին հաշվով, մոտ 100 երկիր ներկայացնում է մտքեր ու առաջարկություններ: Իսկ յուրաքանչյուր երկրի քննարկման կազմակերպումն իրականացնում է այսպես կոչված «եռյակը»՝ Խորհրդի անդամ երկրների երեք ներկայացուցիչներ, որոնք ընտրվում են վիճակահանությամբ: Նրանք հավաքում են փաստաթղթեր և նույնիսկ պատրաստում են «սցենար»: Ի վերջո, յուրաքանչյուր պետություն աշխատանքային խմբում քննարկվում է ոչ ավելի, քան երեք ժամ:
Այսպիսով, Հայաստանի զեկույցի քննարկման համար «պատասխանատու» կլինեն Նեպալի, Վենեսուելայի և Լեհաստանի ներկայացուցիչները: