Կոպանկովներն ընդդեմ Բուլղարիայի

Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականազրկման գործընթացին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։

Դիմումատուները՝ Լյուդմիլ Կոպանկովը, Միրոսլավ Կոպանկովը, Ստանկա Կոպանկովան և Ստանիսլավ Կոպանկովը, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1974, 1941 և 1967 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Բուլղարիայի Կազանլիկ և Սոֆիա քաղաքներում։ Չորրորդ Դիմումատուն՝ Ստանիսլավ Կոպանկովը, իր տատիկի հետ միասին համարվում է Կազանլիկ քաղաքում գտնվող տան համասեփականատեր։ Համապատասխան ժամանակահատվածում բոլոր Դիմումատուները բնակվել են այդ նույն տանը։

1988 թվականին Կազանլիկ քաղաքի քաղաքապետը որոշել է սեփականազրկել չորրորդ Դիմումատուին և նրա տատիկին, վտարել վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունից՝ նույն տարածքում բնակելի շենք կառուցելու նպատակով։ Այնուհետև, Դիմումատուն ծանուցվել է, որ քաղաքապետի որոշմամբ նախատեսվում է իրեն և իր տատիկին որպես փոխհատուցում 2 առանձին բնակարան հատկացնել։ 20 տարիների ընթացքում Դիմումատուները բազմիցս դիմել են տեղի իշխանություններին և հայց են ներկայացրել Դատարան՝ սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մինչ օրս Դիմումատուները փոխհատուցում չեն ստացել և բնակարան ձեռք չեն բերել։ Այնուհետև, Դիմումատուները հայց են ներկայացրել Դատարան՝ իրենց սեփականազրկելու մասին կայացված որոշումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող տունը վերականգնելու և այն իրենց վերադարձնելու պահանջի մասին։ Ի վերջո, Բուլղարիայի ներպետական դատական ատյանները սույն գործով որոշում են կայացրել ի օգուտ Դիմումատուների, սակայն համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուներն արդեն ազատել էին տունը, և այն քանդվել էր։

Հետագայում, Դիմումատուներն իրենց իրավունքների խախտման մասին քաղաքացիական հայց են ներկայացրել Բուլղարիայի իշխանությունների դեմ՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը և դրա տարածքում գտնվող հողին ամրակցված այլ գույքը վերադարձնելու պահանջով, սակայն, ապարդյուն։ 2012 թվականին Դիմումատուի ներկայացրած քաղաքացիական հայցը մերժվել է։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի համար փոխհատուցում չեն ստացել 1988 թվականից ի վեր։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Բուլղարիան պարտավոր է նյութական վնասի համար Դիմումատու Լյուդմիլ Կոպանկովին վճարել 20․870 եվրո գումարի չափով փոխհատուցում և 615 եվրո՝ դատական ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 2․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և բոլոր Դիմումատուներին միասին վճարել 4․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Բուլղարիան պետք է 4․000 եվրո վճարի նաև Դիմումատուների շահերը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ներկայացնող փաստաբան Կորդովին։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ