Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ՝ համապատասխան ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարանի, ՀՀ այլ քաղաքային և գյուղական վայրերում` բնակարան ձեռքբերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Եվ այսպես, նախատեսվում է 2017թ.-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223 -ին կամ 11,2 տոկոսին:
Մեկ այլ որոշմամբ էլ հստակեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության ընթացակարգը: Որոշման համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդի բնակարանները սեփականության իրավունքով տրամադրման դեպքում զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) հետ կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները, ինչպես նաև հստակեցվում է բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու ժամանակ հիմք ընդունվող զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) ընտանիքի կազմը:
Ընդունվել է նաև որոշում, որով նախատեսվում է առավել դյուրացնել զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործընթացը: Ընդունված որոշման համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով՝ անկախ տրամադրման վայրից: