Դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:
Մասնավորապես, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ եւ 12-րդ կետերով: Համաձայն առաջարկվող լրացման՝ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կարգելվի առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնից բարձր գնով վաճառելու դեպքերում:
Համաձայն նախագծի հիմնավորման՝ առանց ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կամ մակնշված առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքի արգելք որեւէ իրավական ակտով սահմանված չէ:
Ընդ որում, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկումից խուսափելու ռիսկերի նվազեցմանը:
Միաժամանակ համապատասխան լրացումներ և փոփոխություններ են նախատեսվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ իրավական ակտի կարգավորման նպատակը ծխախոտի արտադրանքն առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման իրացնելու, ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով իրացնելու, ինչպես նաեւ առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսելն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «ՀՀ-ում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության թիվ 765-Ն որոշմամբ սահմանվել է ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը:
Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ներմուծվող եւ տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի հարկումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն:
Մասնավորապես, առաջարկվում է օրենսգիրքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 170.14-170.16-րդ հոդվածներով.
«Հոդված 170.14. Առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք իրացնելը
Ծխախոտի արտադրանք արտադրողների եւ (կամ) ներմուծողների կողմից առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք իրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
Ծխախոտի արտադրանք վաճառողների կողմից առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք վաճառելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է տասը հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 170.15. Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելը
Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 170.16. Ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք իրացնելը
Ծխախոտի արտադրանք արտադրողների եւ (կամ) ներմուծողների կողմից ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանարածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք իրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
Ծխախոտի արտադրանք վաճառողների կողմից ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»: