Կայացավ «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով համաժողովը

????????????????????????????????????

2017թ. նոյեմբերի 21-23-ը ՌԴ Ռյազան քաղաքում տեղի ունեցավ «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով III միջազգային պենիտենցիար համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, ՔԿԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Հարությունյանի գլխավորությամբ:

Երկամյա պարբերականությամբ տեղի ունեցող համաժողովի կարևորության և արդիականության մասին են վկայում ԱՊՀ անդամ, եվրոպական և ասիական շուրջ 15 երկրների 700-ի հասնող պատվիրակների, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի հատուկ պատվիրակների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացվածությունը:

Համաժողովի նպատակն է ստեղծել երկխոսությունների յուրօրինակ միջազգային հարթակ` քրեական պատիժների կատարման ոլորտում արդիական գործիքակազմ ընտրելու, միջազգային համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև քրեակատարողական քաղաքականությունն արդիականացնելու համար, ինչը համաժողովի մասնակիցներին հղված իր տեսաուղերձում կարևորել է նաև ՀՀ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը:

Համաժողովի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվեց նաև ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության Ռյազանի ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Ա. Կռիմովին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք բերվեցին համաձայնություններ:

III պենիտենցիար համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթաքում քննարկվեցին Խորհրդի` 2018 թ. երևանյան հանդիպման օրակարգում ընդգրկվելիք հարցերի նախնական ընտրանին: