Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Վերջինս ցանկություն հայտնեց ճառն ընթերցել ամբիոնից:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքում հիշատակվում է, որ նա ցանկացել է զինված դիմադրություն ցույց տալ, սակայն գործի հիմքում դրված ապացույցները ոչ մի առնչություն չունեն զինված դիմադրության հետ և այդ առակաները չեն կարող ապացույց հանդիսանալ:
Հիշեցնենք, որ գործում եղած իրեղեն ապացույցներ են հանդիսանում 2 ինքնաձիգեր՝ 120 փամփուշտներով, տոնածառ, մահակներ, վերանորոգման իրեր, ճկվող խողովականեր և այլն:
Տիգրան Հայրապետյանի խոսքերով այդ առարկաները չեն կարող ինչ-որ մեկին վնաս հասցնել. ‹‹Ինչպե՞ս պետք է այդ ճկվող խողովակներով ինչ-որ մեկին վնաս հասցվի: Ստացվում է, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները հիմնավոր չեն››:
Փաստաբանը նշեց, որ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում չկա հասկանալի լեզվով գրված գործողությունների շարադասություն, իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված չէ, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել Սեֆիլյանը:
«Սա փաստում է, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է: Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել Սեֆիլյանը, որոնց համար նրան մեղադրանք է առաջադրվել: Հարգելի դատարան ճիշտ կլիներ, որ մեղադրական եղրակացությունը ստորագրելուց առաջ նախ կարդացվեր այն, որից հետո նորից կարդացվեր, նման անհեթեթություններից խուսափելու համար»,- իր խոսքում նշեց պաշտպանը։
Տիգրան Հայրապետյանն անհեթեթ համարեց Սեֆիլյանին առաջադրված այն մեղադրանքը, որի համաձայն վերջինս ցանկացել է գրավել Երևանի հեռուստաշտարակը և Էրեբունի համայնքի զորամասերից մեկը:
‹‹Եթե անգամ ընդունենք, որ մեղադրանքը ճիշտ է, ապա այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ գրոհ չի եղել: Եթե չկան նախապատրաստական գործողություններ, չի կարելի անձին մեղադրանք առաջադրել միայն նրա համար, որ նա ինչ-որ մտադրություն է ունի, որքան էլ այն անօրինական լինի››,- ասաց նա:
Անդրադառնալով դատվարութան ընթացքին Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ այն չի եղել արդար և անաչառ, քանի որ իր պաշտպանյալին մինչ օրս չի պարզաբանվել իրեն առաջադրված մեղադրանքի էությունը: Բացի այդ դատարանը հարկադրաբար գործում ներգրավել է հանարային պաշտպաններ, կիրառել է սանկցիաներ ամբաստանյալների և ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձանց նկատմամբ, թույլ չի տվել, որպեսզի իր պաշտպանյալը հանդես գա հայտարարություններով և զրկել է նրան ապացույցներ ներկայացնելուց:
‹‹Ոչ միայն խախտվել է Ժիրայր Սեֆիլյանի իրավունքը, այլև նրան չի տրվել որևէ իրավունք։ Իրավաբանությունը վաղուց լքել է այս գործը և անդարձ հեռացել: Դատավորն իրավաբանությանն անհայտ նորամուծություններ է կատարել և բազմիցս խախտել է դատավարության կողմերի իրավունքները››,-ասաց նա:
Փաստաբանը նաև հայտնեց, որ Սեֆիլյանի դեմ միայն 1 ցուցմունք կա, սակայն Հովհաննես Պետրոսյանն էլ այնպիսի ցուցմունք չի տվել, որը դրված է մեղադրանքի հիմքում։ Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ Հովհաննես Պետրոսյանի նախաքննական և դատաքաննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ։
Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ արդեն 2 տարի է ինչ դասագրքերից հանվել է Ժիրայր Սեֆիլյանի անունը, իսկ ‹‹Արմենիա›› հեռուստաընկերությամբ հեռարձակվել է մի ռոպորտաժ, որում Սեֆիլյանին պախարակել են, ինչից հետո Սեֆիլյանը ձերբակալվել է:
Նիստի ավարտին Ժիրայր ՍԵֆիլյանը հացը ձեռքին հիշեց ‹‹Հաց բերող›› Արթուր Սարգսյանին՝ նշելով, որ Արթուր Սարգսյանը միայն հաց բերող չէր, նա առաջին հերթին ապստամբ էր. ‹‹Ի տարբերություն շատերի Արթուրը ազատ մարդ էր, ապրի Արթուրը››:
Նշենք, որ այսօր՝ մարտի 16-ին լրացավ ‹‹Հաց բերող›› Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: