Իշխան Բարսեղյանի գործով դատախազը չէր ներկայացել դատարան

Այսօր Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով  դատական նիստը՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով։

Դատավոր Վաչե Մարգարյանը ներկաներին հայտնեց, որ դատախազ Բիշարյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ վատառողջ է և ունի բարձր ջերմություն՝ հետևաբար, գործի քննությունն առանց դատախազի ներկայության չի կարող տեղի ունենալ։

Ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ ներկայացրեց համապատասխան փաստթուղթ իր պաշտպանյալի վատառողջ լինելու վերաբերյալ, քանի որ նախորդ նիստին  ամբաստանյալ Էլզա Զաքարյանը վատառողջ էր և չէր  ներկայացել դատարան, իսկ Իշխան Բարսեղյանը տեխնիկական խնդիրների պատճառով չէր բերվել դատապարտյալների հիվանդանոցից։

Նշենք, որ այս նիստին պետք է տեղի ունենար ամբաստանյալների հարցաքննությունը։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

319 դիտում

Մեկնաբանություններ