Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանից ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանին դատարանի մուտքի մոտ սպասող մարդիկ դիմավորեցին երաժշտությամբ և ծափահարություններով:
Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ հրաշքներ լինում են և քաղբանտարկյալներն արդեն ազատության մեջ են հայտնվում:
«Բոլորս էլ հավատացել ենք, որ «Սասնա ծռեր»-ը և մյուս քաղբանտարկյաները ազատության մեջ են լինելու և մենք այս օրերին պիտի գործենք հնարավորինս զգույշ, պիտի խոսենք հնարավորինս զգույշ: Մենք մեր գործին չենք վնասելու և հաշված օրերի ընթացքում բոլորը անխտիր կլինեն ազատության մեջ»,- ասաց նա:
Սեֆիլյանը զսպվածության կոչ արեց բոլոր կողմերին: Նրա խոսքերով միայն առաջիկայում տեղի ունեցող ընտրությունների շնորհիվ մեր երկիրը կմտնի նոր քաղքական փուլ, հանգիստ զարգացման փուլ, ինքնիշխանությունը ամրապնդման փուլ, պետությունը հզորացնելու փուլ և մինչև այդ փուլը բոլորը պիտի աջակից լինեն գործող իշխանությանը՝ բարեհաջող հասնելու այդ հանգրվանին:
«Մեր ժողովրդի զարթոնքի շնորհիվ ստեղծվել է մի իրավիճակ, որ շատ հայ մարդիկ հետաձգել են կամ չեղարկել են իրենց նախօրոք պլանները, որ պետք է հեռանային մեր երկրից և ոչ միայն այդպես, արդեն հազարավոր մարդիկ եկել են և հազարավորներ պատրաստվում են»,- իր խոսքում նշեց Սեֆիլյանը՝ կոչ անելով արտերկրում բնակվող բոլոր հայերին վերադառնալ Հայաստան:
Վերջում Ժիրայր ՍԵֆիլյանը հայտնեց, որ հրաժարվում է պատասխանել լրագրողներին հարցերին, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալները չեն ազատվել:
Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ քրեական դատարանի որոշմամաբ Սեֆիլյանի պատիժը մեղմացվեց մինչև 5 տարի 5 ամիս, դատարանը որոշեց նրան ազատ արձակել դատարանի դահլիճից, քանի ԱԺ մի խում պատգամավորներ անձնական երաշխավորություն էին ներկայացրել Սեֆիլյանի ազատման համար և վճարել էին 500 հազարական դրամ:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: