Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ պահանջելով պարտավորեցնել Տարոն Մարգարյանին կատարել հայցվող գործողությունը՝ կազմել արձանագրություն Երևանի ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման՝ Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի վերաբերյալ և այն ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Դատարանը գտել է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
Ավագանու անդամն իրավունք ունի ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատական կարգով այն դեպքում, եթե դրանցով խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ընդ որում՝ ավագանում անդամի իրավունքները, լիազորությունները սահմանված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգով:
Տվյալ դեպքում հայցադիմումում որպես հայցվորներ նշվել են Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը, իսկ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու սուբյեկտ հանդիսանալը հիմնավորող իրավական նորմ՝ նշվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը:
Ներկայացված գործողության կատարման հայցով վերջիններս պահանջել են պարտավորեցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կազմել արձանագրություն Երևանի ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման՝ Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի վերաբերյալ և այն ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը մեկ նստաշրջանի կեսից ավելիին ներգրավված չեն եղել Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում որպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ, ինչը հիմք է հանդիսանում տվյալ անձանց լիազորությունների դադարման համար, վերջիններս, ընդգրկվելով խմբակցության կազմում, իրենց գործունեությամբ և անգործությամբ խախտել են «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու նախընտրական ծրագրի դրույթները և «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության կանոնադրությունը, բացի այդ, Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը իրենց դիմումի հիման վրա դուրս են եկել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության կազմից՝ շարունակելով պահել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու մանդատները:
Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի՝ հայցադիմումում նշված անգործության հետևանքով հայցվորներ Զարուհի Փոստանջյանի, Սոննա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել կամ անմիջականորեն չէր կարող խախտվել: Այսինքն՝ հայցադիմումում որպես հայցվորներ նշված ֆիզիկական անձինք ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք չունեն: Դատարանն արձանագրում է նաև, որ հայցվորները, որպես ավագանու անդամներ, ևս չեն հանդիսանում վեճի առարկա գործողությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ հայցով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտներ, քանի որ հայցադիմումում որևէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ հայցադիմումում նշված անգործության հետևանքով տեղի է ունեցել նրանց՝ որպես ավագանու անդամների, որևէ իրավունքի միջամտություն կամ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա:
Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձանց կողմից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն`վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: