Դիմումատուն՝ Դիմիտար Միտևն ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1972 թվականին և ներկայումս կալանավորված է Վառնայի բանտում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել սպանության գործով իր դատավարության արդարացիության մասին։ 2008 թվականի փետրվարին Դիմումատուն մեղադրվել է կողոպուտի և իր ծնողների 75-ամյա հարևանի սպանության մեջ։ 2006 թվականի հունիսին Դիմումատուն կալանավորվել է։ Հիմք ընդունելով ոչ պաշտոնական հարցաքննության ժամանակ 2 ոստիկանների ներկայությամբ Դիմումատուի կատարած խոստովանությունը՝ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ 2008 թվականի նոյեմբերին Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Դատավարության ողջ ընթացքում Դիմումատուն հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և վիճարկել 2 ոստիկանների ներկայությամբ իր տված վկայությունը՝ պատճառաբանելով, որ խոստովանել է իր մեղքը, քանի որ ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն։ Այնուամենայնիվ, դատարանն արժանահավատ է համարել ոստիկանների վկայությունը։
Դիմումատուն բողոքել է իր դատավարության արդարացիության մասին, քանի որ Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելու ժամանակ օգտագործել է այն վկայությունը, որը Դիմումատուն տվել է ոստիկաններին հարկադրանքի ներքո անմիջապես կալանավորումից հետո և փաստաբանի բացակայության պայմաններում։
Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (արդար դատաքննության և իրավական օգնության իրավունք) խախտում։
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է դատական ծախսերի համար Դիմումատուի օրինական ներկայացուցիչներին վճարել 3.000 եվրո: