Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Գևորգյանը դիմել էր դատարան՝ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու խնդրանքով։ Գործը քննվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի վարույթում։
17.11.2016թ.-ին Հայցվորն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և անմիջապես նույն օրը Ծառայության պետի հրամանով ազատվել է աշխատանքից։ Դիմումի ներկայացման հաջորդ օրը, Հայցվորը դարձյալ դիմում է ներկայացրել՝ փորձելով օգտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթից, որի համաձայն՝ աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ներկայացրած ծանուցումը հետ վերցնել այն ներկայացվելու օրվանից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Պատասխանողի դիրքորոշման համաձայն՝ Հայցվորը չի նշել աշխատանքից ազատման օրը, հետևաբար՝ պետական մարմինը, հնարավորություն չունենալով որոշել Հայցվորի աշխատանքից ազատման օրը, հիմք է ընդունել հայցվորի կողմից աշխատանքից ազատվելու դիմումի ստորագրման օրը։
Սույն գործով դատարանը նշել է․ « ․․․ Այս նորմի վերլուծությամբ դատարանը եզրակացնում է, որ աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը, մեր դեպքում 17.11.2016 թվականի դիմումը, հետ վերցնել, սակայն ոչ ուշ, քան այդ պահից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում: ․․․ Ընդորում, օրենսդիրը նախատեսում է նաև այդ ժամկետի ավարտից հետո ծանուցումը հետ վերցնելու ընթացակարգ, որը, սակայն, հնարավոր է բացառապես գործատուի համաձայնությամբ: Նշված արտահայտությամբ օրենսդիրը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործատուի համաձայնության բացակայության դեպքերում ևս երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումը աշխատողն իրավունք ունի հետ վերցնել:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ 17.11.2016 թվականի պատասխանող ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 17.11.2016 թվականի հրամանը կայացվել է աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթների խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման»։
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել Արման Գևորգյանին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու մասին որոշումը՝ վերականգնելով իր նախկին աշխատանքում և հօգուտ վերջինիս բռնագանձելով միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատասխանող կողմը դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
«Ի-Էլ-Էլ գործըկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Յուրի Շիրինյան,
Թիվ ԵԱՔԴ/5346/02/16 քաղաքացիական գործ
2,252 դիտում