Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրին և ժամանակացույցին: Ծրագրի մշակման նպատակն է համապատասխան միջոցառումներով, գիտության ժամանակակից պահանջներին բավարարող պեղումներով և հետազոտություններով մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող սկզբնաղբյուրների ձեռքբերումն ու աղբյուրագիտական բազայի համալրումը, միջազգային չափանիշներով լաբորատորիաների ստեղծումը, հայկական պատմամշակութային ժառանգության բացառիկ հուշարձանների պեղումների ընդլայնումն ու միջազգային համագործակցության ամրապնդումը, հուշարձանակիր տարածքների թանգարանացումը, զբոսաշրջային ծրագրերում ներգրավումը, ինչպես նաև Վանի թագավորության պատմությունն ուսամնասիրելու նպատակով ուրարտագիտական կենտրոնի ստեղծումը: Ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շահագրգիռ կողմերի՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բնագավառի գիտական կազմակերպությունների և բուհերի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցության արմատավորում:
Հավանություն է տրվել նաև «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին»: Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր՝ արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը, ինչպես նաև տարիքային ու uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիությունը ապահովելը, հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, կյանքի առողջ, բարենպաստ պայմանների ապահովումը, ինչպես նաև ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը:
«Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝ զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների թվաքանակի աճ և մարզագույքով հագեցվածություն, կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների ցանցի ընդլայնում, մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ներգրավվածության թվի աճ, առողջ ապրելակերպի պահպանում, մարզասարքերից, խաղահրապարակներից և ակտիվ հանգստի գոտիներից օգտվելու մատչելիություն: