ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերլիազորը 2017 թվականի սեպտեմբերի 6-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողության փորձի մեջ կասկածվող անձը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի 06-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության երկու աշխատակից փորձել են բերման ենթարկել գողության փորձ կատարելու մեջ կասկածվող Լոռու մարզի մի բնակչի, ով չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, հայհոյել է և երկաթյա ամրանով սպառնացել սպանել: Բացի այդ, քարեր է նետել ոստիկանության աշխատակիցների, համայնքի ղեկավարի ուղղությամբ, ապտակել ոստիկաններից մեկին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին և ոստիկանության օպերլիազորին տուժող ճանաչելու մասին։ Լոռու մարզի բնակիչը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: