Հանրապետության մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների մորթի և իրացման պայմանները բարելավելու նպատակով` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իր գործառույթների շրջանակներում, աջակցում է տնտեսվարողներին: Արդեն չորս իրացման կետ կապիտալ նորոգվել է. մորթն իրականացվում է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում: Թբիլիսյան խճուղու վրա գործող անհատ ձեռնարկատեր Մամուտ Շաբաբյանի մսի վաճառակետն արդեն 15 տարի է իր ծառայություններն է մատուցում քաղաքացիներին. օրական 4-5 ոչխար են մորթում ու վաճառում տեղական շուկայում: Ձեռնարկատերը 2000 գլուխ ոչխար և նույնքան էլ գառ է պահում:
«Ամբողջովին նորոգել ենք տարածքը, որպեսզի վերջ դնենք բակային մորթին ու քաղաքացիներին նորմալ պայմաններում սպասարկենք»,-ասում է մսի վաճառակետի տնօրենը:
Ճանապարհներին գործող 20 վաճառակետ կա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ու պաշտոնյաները դեռ հուլիսին են հանդիպել եզդի համայնքի մսամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ բացառվելու է փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը: Տնտեսվարողներին առաջարկվել է վերացնել թերությունները, մորթն իրականացնել համապատասխան պայմաններում կամ օգտվել սպանդանոցների ծառայությունից:
Մսի վաճառակետերում վերահսկողությունը շարունակական է լինելու: