ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մի քաղաքացուհու հետ, որի ընթացքում ներկայացրել է իրենց բարեգործական հասարակական կազմակերպության գործառույթները՝ նշելով, թե աջակցություն են ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ նաև բնակարաններ տրամադրելու հարցերով: Կազմակերպության նախագահը հավաստիացրել է տիկնոջը, թե, իբր, կաջակցի, որ նրա դուստրը` որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով:
ՀԿ նախագահը քաղաքացուց պահանջել և մոտ երկու շաբաթ անց բարեգործական հասարակական կազմակերպության՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակում ստացել և հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: