Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում:
Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական պարտադիր և պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:
Իսկ Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին և Երևանում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ վերջիններս վերացրել են սանիտարահիգիենիկ խախտումներն ու կատարել վերահսկիչի բոլոր հանձնարարականները: