Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այդ նշանակալից օրը պետականաշինության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում:

Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության եւ փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը:

Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում եւս բխելու է մեր ժողովուրդների եւ երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովմանը:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

Մեկնաբանություններ