Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

IMG_7231
Լուսանկարը՝ «justice.am»-ի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին:   Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում:  Այդ մասին հաղորդում է ԱՆ տեղեկատվական կենտրոնը:

Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին` Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նրանց աշխատանքը շատ կարևոր է նախաքննության մարմինների և դատարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար: 

Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման եղանակները:

Կենտրոնի նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և նշել, որ բազմափորձ աշխատակազմի հետ հասնելու են բոլոր նպատակների իրականացմանը:  «Հիմնական խնդիրները տեսնում եմ երեք ուղղություններով՝ փորձագիտական աշխատանքի կանոնակարգում, նյութատեխնիկական բազայի ամրապնդում և զարգացում, ինչպես նաև կադրային հագեցվածություն ու վերապատրաստում: Կարծում եմ՝ խնդիրների լուծման ամենակարևոր ուղիներից մեկը կլինի նաև ընդհանուր մեթոդաբանության ներդրումը, համագործակցությունը  փորձագիտական այլ կառույցների ու ԲՈՒՀ-երի հետ,  ինչպես նաև՝ մեր աշխատանքում  երիտասարդների ներգրավումը»,- ընդգծել է Արամ Գահնապետյանը:

 

Մեկնաբանություններ