Անազատության մեջ գտնվող անձանց պահման վայրեր այցելությունների վերաբերյալ Օմբուդսմենի 2014թ. միջանկյալ զեկույցը

Ombudsman-RAՍեպտեմբերի 22-ին  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է անազատության կամ սահմանափակ ազատության վայրերի վերաբերյալ իր 2014թ. միջանկյալ զեկույցը: Զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանը նախապատրաստել է որպես բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմ: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի պաշտոնական կայքը:

Ըստ զեկույցի՝ 2014թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ փորձագետներն իրականացրել են 116 այցելություն անազատության կամ սահմանափակ ազատության վայրեր, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ, ՀՀ ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, հատուկ հանրակրթական դպրոցներ, հոգեբուժական հաստատություններ: 

Այցերը նպատակ են հետապնդել վեր հանել փակ հաստատություններում ազատազրկված անձանց խնդիրները և ուսումնասիրել դրանց արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորությունները: Զեկույցում արված գնահատումներն առավելապես հիմնված են այցերի ընթացքում անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում պահվող անձանց հետ փորձագետների ունեցած առանձնազրույցների, ինչպես նաև փորձագետների կողմից որոշակի փաստերի անմիջական ընկալման վրա:

Զեկույցում փաստվում է, որ անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում օրենսդրական կարգավորման կատարելագործման, կազմակերպաիրավական գործունեության իրականացման և նյութատեխնիկական հագեցվածության ապահովման առումով առկա է զգալի առաջընթաց: Դրա հետ մեկտեղ իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են որոշ թերություններ և բացթողումներ, ինչպես նաև խնդրահարույց առանձին դեպքեր, որոնց կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ և կլոր սեղաններ: Համապատասխան պետական մարմինների հետ համագործակցության և կառուցողական աշխատանքի արդյունքում բացահայտված խնդիրների մի մասը ստացել է օպերատիվ և արդյունավետ լուծում, իսկ մյուսների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ և գործուն միջոցներ:

Անազատության կամ սահմանափակ ազատության վայրերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Մեկնաբանություններ