ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցման և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Այսպիսով՝ Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, հետևաբար ավելացնելու ոչինչ չունիև առաջարկեց անցնել քվեարկությանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դիմեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ նշելով, որ երեկ այս հարցի քննարկման ժամանակ Հակոբ Հակոբյանը տվել է իր անունը և ասել, որ հանձնաժողովում «Ելք»-ի ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկել, իսկ ԱԺ նիստում՝ կողմ:

«Մենք այդ հանձնաժողովում անգամ մարդ չունենք: Մեր գործընկերոջը հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- ասաց նա:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ իր ասածը վերաբերում էր կառավարությունը կազմող ուժերին, որոնք ձեռնպահ են քվեարկել: Վերջինս նաև նշեց, որ լրատվության միջոցով  ապատեղեկատվություն էլի է եղել:

«Մամուլում այդպիսի բաներ լինում են: Մի առիթով էլ ինձ վերագրում էին, թե կարտոշկի ու մսի անուն եմ տվել: Ես նման բան չեմ արել, եթե արած էլ լինեի, անպայման ներողություն կխնդրեի»,- ասաց նա:

Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց նաև «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Մեկնաբանություններ