ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
Արա Բաբլոյանի խոսքով՝ երկկողմ համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել, ինչը բխել է երկու երկրների շահերից. հետեւողական եւ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ ձգալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են եղել:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներհայաստանյան վերջին իրադարձություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ նախագահ, երկրում ժողովրդավարությունն առավել զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով մշտապես գործընկերներին հորդորում է օժանդակել ՀՀ նոր կառավարությանը:
«Պետք է շարունակեմ ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանն ընթանա ժողովրդավարական ճանապարհով, բոլոր հարցերը լուծում ստանան քաղաքական երկխոսության, բանակցությունների ու քննարկումների մթնոլորտում՝ երկիրը զերծ պահելով հնարավոր ցնցումներից»,-նշել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը: Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի այս դիրքորոշումը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասել է. «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունն իմ պաշտոնավարման տարիներին: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել հայ ժողովրդին ամուր եւ անկախ խորհրդարանի կայացման գործում»: