ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ «հերոին» տեսակի թմրամիջոց ներկրելու դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

     Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։ 2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։

Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

     Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։

     Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

     Հատկանշական է, որ բացի վերը նշվածը, 2017 թվականի ինը ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին»:

     Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստանի Հանրապետություն են ներկրվել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 3 դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 1 դեպքում, Թուրքիայից և Նիդեռլանդներից 1-ական դեպքերում։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են «մետամֆետամին», «ափիոն» և «հերոին», ԱՄՆ-ից՝ «մետամֆետամին», Թուրքիայից՝ «մետամֆետամին» և «հերոին», Նիդեռլանդներից՝ «հերոին», և բոլոր դեպքերում թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ են ներկրվել մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով։

     Վերը նշված 8 դեպքերից 2-ը Հայաստանից Կանադա մաքսանենգությամբ թմրամիջոցի արտահանման փորձ է, ընդ որում՝ նախատեսված է եղել նշված երկիր արտահանել շուրջ 8.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային առաքման միջոցով, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես տարանցիկ ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների այդ փորձերը նույնպես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կանխվել են:

     Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրեական գործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։

     Հայտնաբերված և առգրավված թմրամիջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել պատասխանատու պահպանման՝ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց հարցի լուծման վերաբերյալ դատական ակտերի կայացումը։

    Նշված քրեական գործերով բացահայտված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հիմնական եղանակներն են՝ տրանսպորտային միջոցների, սարքավորումների հատուկ հարմարեցված թաքստոցներում, ճամպրուկների նախապես պատրաստված կրկնահատակներում, սննդամթերքի տարաներում կամ փաթեթներում թաքցնելը, ինչպես նաև թմրամիջոցները փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ուղարկելը և ստանալը (Տեսանյութ):

     Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կանխարգելելու, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը համագործակցում է ՀՀ իրավապահ մյուս մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու ծառայությունների հետ։

     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ