ELL PARTNERSHIP LLC

ԴԱՀԿ-ն ֆիզիկական անձից 200 հազար դրամը գերազանցող տուգանք կարող է բռնագանձել միայն դատական որոշմամբ

parliament-AJԱզգային ժողովը դեկտեմբերի 17-ին քվեարկությամբ ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Մասնավորապես, ընդունվել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ներկայումս համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Թեեւ տվյալ կարգավորումը լիովին իրավաչափ է, այնուամենայնիվ, առավել նպատակահարմար կարող է լինել որոշակի դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար դատական ընթացակարգի նախատեսումը:

Մասնավորապես, այդպիսի դեպքեր կարող են լինել, երբ, օրինակ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից, քանի որ նշված դեպքում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետեւանքների, ուստի այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում ապահովել անձի իրավունքների պաշտպանության առավելագույն երաշխիքներ, իսկ այդպիսիք կարող են ապահովվել հատկապես դատական կարգով իրականացվող ընթացակարգում: Ուստի, կոնկրետ դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը դատական կարգով կարող է արդարացված լինել:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել սահմանելու հանրային իրավական դրամական պահանջների կատարման առանձնահատկությունները: Այսպես, ներկայիս կարգավորմամբ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման միայն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Մինչդեռ ընդունված նախագծերի փաթեթով սահմանվել են որոշակի հիմքեր, որոնց առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, մասնավորապես, երբ.

ա. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր է ապահովել  միայն նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Այսուհետ, այն դեպքում, երբ ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները կամ դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը, կատարողական վարույթը ավարտվում է: Իսկ վերոհիշյալ այն երեք դեպքերում, երբ գործը ենթակա է դատական կարգով քննության, անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը, կամ անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը, ինչպես նաեւ վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ  մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը, կատարողական վարույթը կարճվում է:

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ նախագծով սահմանվել է, որ վերոհիշյալ կարճման հիմքերի դեպքում տվյալ վարույթներով կատարողական գործողությունների կատարման ծախսերը գանձվելու են վարչական մարմնից:

Միաժամանակ սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,  129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձին ազատել վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից: Այս դրույթը նպատակ է հետապնդում, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին, եւ տուգանքը ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը:

Մեկնաբանություններ

73 դիտում

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: