ELL PARTNERSHIP LLC

ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով ենթակոմիտեի նախագահը տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Ադրբեջանին

SPTԽոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերն աշխարհում չեն պակասել, և այսօր, «առավել, քան երբևէ», այդ դեպքերի արդյունավետ կանխարգելման կարիք կա: Հոկտեմբերի 21-ին նման միտք է հայտնել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովի (SPT) նախագահ Մալքոլմ Էվանսը՝ ՄԱԿ-ի սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերով հանձնաժողովին (Երրորդ կոմիտե) ներկայացնելով ենթահանձնաժողովի տարեկան զեկույցը:

Մասնավորապես, Խոշտանգումների հարցերով ենթահանձնաժողովի նախագահը անդամ պետություններին հորդորել է առավել մեծ չափով զբաղվել ներքին կոռուպցիայի հաղթահարմամբ՝ կանխարգելելու բռնությունների նման դեպքերը: «Պարզ կապ կա խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և կոռուպցիոն գործունեության միջև: Խոշտանգումների դեմ արդյունավետ պայքարը պետք է ուղեկցվի նաև կոռուպցիոն գործունեության հաղթահարմամբ»,-ասել է Էվանսը: 

Ներկայացված զեկույցում ընդգծվել է, որ Ենթահանձնաժողովըի կանխարգելիչ աշխատանքը առավել մեծ մարտահրավերների է հանդիպել հատկապես կոռուպցիայի բարձր մակարդակով աչքի ընկնող երկրներում, որտեղ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերը քիչ են բացահայտվում:

«Հակառակ այն բանի, որ պետությունները Կոնվենցիայով սահմանված հստակ պարտավորություններ են ստանձնել, այնուամենայնիվ, մենք զգալի ձգձգումների ենք հանդիպել՝ արդյունավետ այցերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման ու պայմանների ապահովման առումով: Առաջին անգամ մենք անհրաժեշտ համարեցինք դադարեցնել մեր ամբողջական այցերից մեկը, որը նախատեսված էր իրականացնել Ադրբեջանում, քանի որ քանիցս խնդիրներ էին հարուցվում՝ ազատազրկման վայրեր անհապաղ և անարգել մուտք գործելու ապահովման հետ կապված»,-հայտարարել է Մալքոլմ Էվանսը:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովը ստեղծվել է 2002 թ. և վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության (2002 թ.) կենսագործումը: Այն նոր տիպի մարմին է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում, որը ունի միայն կանխարգելող լիազորություն: Ենթահանձնաժողովը, համաձայն կամընտիր արձանագրության, իրավունք ունի այցելելու մասնակից երկրների ոստիկանատներ, բանտեր (ռազմական ու քաղաքացիական), կալանավայրեր, հոգեբուժարաններ ու սոցիալական խնամքի վայրեր և ուսումնասիրելու այդ վայրերում պահվող մարդկանց վիճակը: Արձանագրության մասնակից երկրները պարտավոր են ստեղծել ներպետական անկախ կանխարգելիչ մեխանիզմներ` տեղերում խոշտանգումները բացառելու համար:

Մեկնաբանություններ

67 դիտում

Պիտակներ՝ ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: