ELL PARTNERSHIP LLC

«Փաստաբանական դպրոցի ընդունելությունն արդեն կլինի 2 փուլով». Ռոման Ահարոնյան

Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը փաստաբանական դպրոցում, ի՞նչ կրթություն են ստանում ապագա փաստաբանները: Լեգալ Ինֆոն այս և այլ հարցերի մասին զրուցել է Փաստաբանական դպրոցի փոխտնօրեն, փաստաբան Ռոման Ահարոնյանի հետ:

-Պարոն Ահարոնյան խնդրում եմ՝ պատմեք փաստաբանական դպրոցի մասին։

-Փաստաբանական դպրոցը գործում է  2012 թվականից: Ստեղծվել է Ֆրանսիական դպրոցի մոդելի հիման վրա, որից հետո կատարելագործվել է և իր սեփական կառուցակարգերն է  ներդրել: Նպատակն է պատրաստել որոկյալ փաստաբաններ, բարելավել վերապատրաստման գործընթացը և դրանով նպաստել արդարադատության արդյունավետ իրացմանը: Փաստաբանական դպրոցում ընդհանուր ուսուցումը 1 տարի է, իսկ պարզեցված կարգով սովորողների համար՝ 6 ամիս:

-Ովքե՞ր կարող են ընդունվել փաստաբանական դպրոց, և ի՞նչ կերպով  է կատարվում ընդունելությունը:

-Փաստաբանական դպրոցում կարող են սովորել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձինք, մնացած պայմանները սահմանված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով: Բավարար է բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերից մեկի առկայությունը՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի: Ընդունելությունը կատավում է քննությամբ:  Մինչև  հիմա ընթանում էր մեկ փուլով՝ թեստային հարցեր էին՝ 150 հարցից բաղկացած: Դիմորդները պետք է հավաքեին նվազագույնը 100 բալ, որից հետո պետք է անցնեին մրցույթային փուլ: Առավելագույն միավորներ հավաքած ունկնդիրները ընդունվում էին դպրոց: Իսկ մյուս հոսքից ընդունելությունն արդեն կլինի 2 փուլով՝ ներդրվել է նաև հարցազրույցի փուլ: Կա նաև հատուկ դիմորդների խումբ, որտեղ կարող են ընդունվել 10 տարվա  դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի ստաժ ունեցող հավակնորդները կամ գիտական աստիճան ունեցող իրավաբանները:

-Ովքե՞ր են դասավանդում դպրոցում և ինչպե՞ս է կատարվում դասախոսների ընտրությունը

-Փաստաբանական դպրոցում դասավանդում են ոլորտի մասնագետներ, փաստաբաններ, դատավորներ: Շեշտադրումը դրված է պրոֆեսիոնալիզմին, ոլորտի լավ տիրապետմանը: Կարևորվում են նաև դասավանդման հմտությունները, գիտական աստիճան ունենալը, քանի որ լավ մասնագետ լինելը դեռ չի նշանակում լավ ուսուցանող: Փորձը ցույց է տալիս, որ մեր դասախոսական կազմն ի սկզբանե եղել է բավականին պրոֆեսիոնալ:

– Տարեկան քանի՞  իրավաբան է դիմում փաստաբանական դպրոց և քանի՞սն են տեղերը։

-Ամեն հոսքից միջինում ունենում ենք 150-200 դիմորդ: Տեղերի հետ ունենք սահմանափակում, սովորաբար՝ միջինը 44 քաղաքացիական և 22 քրեական: Դրանք հաստատվում են դպրոցի խորհուրդի կողմից: Ունենք նաև հեռահար եղանակով ուսուցանվողների համար տեղեր: Հեռահար կարգով սովորողների մրցույթը կատարվում է առանձին, կարող են դիմել այն անձինք, որոնք դիմելու պահին և դրան նախորդող 1 տարվա ընթացքում բնակվել են Երևանից 80 կմ և ավելի հեռավորության վրա:

-Ամեն տարի փաստաբանական դպրոցն ավարտում են արտոնագրված փաստաբանների ևս մի խումբ, արդյո՞ք աշխատաշուկայում կա այդքան փաստաբանների կարիք։

-Եթե մենք գանք այդ ստանդարտ կարիքի ձևավորման սկզբունքներին՝ դեռ շատ ունենք: Կան տարբեր չափորոշիչներ՝ փաստաբանների հարաբերակցությունը բնակչության քանակին, գործերի քանակին և այլն: Այս չափորոշիչներին նայելով՝ մենք դեռ շատ-շատ հեռու ենք միջին  եվրոպական չափանիշից: Օրինակ` բնակչության թվի-փաստաբանների թվի առումով մեր երկրի 100.000 բնակչին համընկնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ Իսրայելում փաստաբանների թիվը  գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը։

-Հատկապես ո՞ր ոլորտներում են ուսանողները մասնագիտանում։

-Մեր ուսուցումը տարանջատված է 2 մեծ ուղղությունների՝ քրեաիրավականի և  քաղաքացիաիրավականի, որի մեջ ներառվում է նաև վարչաիրավականը: Առավել պահանջված է  քաղաքացիական ուղղությունը, այդ  պատճառով այդ ոլորտի համար ունենք ավելի շատ տեղեր, քան  քրեականի համար: Իսկ արդեն բուն ուսումնական պլաններով (յուրաքանչյուրն ունի իր ուսումնական պլանը, իր առարկայական ցանկը՝ տարաբնույթ առարկաներով) կազմակերպվող ուսուցման ընթացքում խորապես մատուցվում են ոլորտի առանձնահատկությունները: Դպրոցն ավարտող ունկնդրի համար ինչ-որ անծանոթ, կամ անակնկալ երևույթ  պետք է որ չլինի իր ոլորտի փաստաբանական գործունեության մեջ:

-Արդյո՞ք փաստաբանական դպրոցն ավարտելուց հետո ուսանողները կկարողնան  դառնալ լավ փաստաբաններ։

-Դպրոցն  ավարտելուց հետո մեր փաստաբաններն անհամամատ ավելի պատրաստված են, քան մենք մեր առաջին օրերին, քանի որ այս մարդիկ ավարտել են 1 տարվա  ուսուցում, ստացել են պրակտիկ հմտություններ, խորացրել գիտելիքները, հանձնել 25-30 քննություն, ապա որակավորման քննություններ, նոր վաստակել արտոնագիր։ Այսօր այս ճանապարհն անցած  մարդն ինչպե՞ս կարող է պատրաստված չլինել: Իսկ ընդհանրապես, ոչ միայն լավ փաստաբան, այլ լավ մասնագետ դառնալու համար շատ հատկանիշներ են պետք՝ մասնագիտական պատրաստվածություն, շարունակական կատարելագործման ձգտում, բարեխղճություն, ինտենսիվ աշխատանք և այլն: Տարիների ընթացքում բարեխիղճ աշխատելով լավ կադրը միայն ու միայն էլ ավելի կկատարելագործվի, իսկ այն մարդը, որը չզբաղվի, չկատարաելագործվի, չի բացառվում, որ կարող է եղածն էլ մոռանալ:

-Փաստաբանական դպրոցն ավարտելուց հետո ինչպիսի՞ աջակցություն եք ցուցաբերում սկսնակ փաստաբաններին, իրենց մասնագիտության ասպարեզում առաջին քայլերն անելու և ավելի հմտանալու համար:

-Փաստաբանական գործունեությունը այնպիսի տեսակ է, որ դու ինքդ պետք է կազմակերպես դա, քո նախընտրած կազմակերպաիրավական ձևով:  Սակայն վերջին շրջանում Փաստաբանների պալատը նախաձեռնել է մի ծրագիր՝ նոր ավարտած  փաստաբանների համար, որով նրանց  Պալատում  տրամադրում են տեղեր, համակարգիչներ, սենյակ, գրենաական պիտույքներ,  աշխատելու համար՝ մինչև 6 ամիս ժամկետով՝ աջակցելով գործունեությունը սկսելուն։ Բացի այդ, հանձնվում է նաև  որոշակի քանակի գործեր, որպեսզի նոր ավարտած փաստաբանները անվճար դրանք կատարեն: Կածում եմ, որ սա բավականին հաջողված  նախաձեռնություն է:

-Պարո′ն Ահարոնյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստնում իրավաբանական կրթության որակը։

-Եթե հարցին մոտենանք այն ելակետից, որ ունենանք ուսանող, որը վատ գիտի թեման, մենք բախվելու ենք 2 հարցի: Դեռ հարց է՝ վատ կրթություն են տվել, թե նա է վատ սովորել: Եթե մենք ունկնդրի գիտելիքների ծավալով փորձենք գնահատել ընդհանրապես բարձրագույն կրթության որակը, իմ կարծիքով, դա սխալ կլինի: Մենք ունենք նույն բուհն ավարտած   փայլուն մասնագետներ, և ունենք մասնագետներ, որոնք այդքան էլ չեն փայլում: Ամեն դեպքում մենք ունենք լավ բուհեր՝ լավ հագեցած ուսումնանյութական բազայով:

-Ներկայումս ի՞նչ խնդիրներ ունի Փաստաբանական դպրոցը։

-Ընդհանրապես ուսուցումը, այն էլ այս տեսակ, կենդանի օրգանիզմ է և անընդհատ զարգանում է: Մենք էլ պետք է հասցնենք հետևից գնալ: Չի կարելի հասնել մի կետի ու ասել՝ մեր ուսուցումն այսքանն էր, ինքն արդեն լավն է և զարգանալու տեղ չունի: Կարևոր և գնահատելի բանն այն եմ համարում, որ մենք գիտենք ինչ ենք ուզում, ցանկանում ենք աշխատել, և մենք ճկուն ենք այս առումով: Մենք կարող ենք ընդունել մեր թերացումները և աշխատել շտկել դրանք: Համենայն դեպս ուսումնական պրոցեսը լավ ենք պատկերացնում և ձգտում ենք լավ ուսուցում կազմակերպել: Իսկ խնդիրներ միշտ կարող են լինել,  միշտ կատարելագործվելու  ու անելու բան գտնվում է:

-Առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր կան Փաստաբանական դպրոցի գործունեության հետ կապված։

– Դպրոցը համագործակցում է մի շարք կառույցների հետ (Համաշխարհային բանկ, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և այլն): Ծրագրեր նախատեսվում են: Իսկ ընթացիկ ծրագրեր մենք շատ ունենք՝ ուսումնամեթոդական հատված, ծրագրային հատված, որը ամենօրյա աշխատանքի մի մասն է և գործընթացը միշտ գնում է:  Անելիքներ ունենք և անում ենք, որը մեզ մոտ երբեք  չի ընդհատվում:

Մեկնաբանություններ

551 դիտում

Պիտակներ՝ , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: