Պաշտպանն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրենին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից  2017 թվականին Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկումները և դրանց շուրջ ձեռնարկված քայլերը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում ներառական կրթական համակարգի ներդնմանը՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրականացման գործընթացում տարվող աշխատանքները և գործուն մեխանիզմների կատարելագործումը:

Ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևորությունը կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝ հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձևավորված արդյունավետ համագործակցությունը: