«Նույնիսկ տնտեսապես զարգացած երկրներում միայնակ հնարավոր չէ լուծել առողջապահական խնդիրները». կայացավ հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը

«Բոլորիս քաջ հայտնի է բնակչության առողջության պահպանման և բարելավման կարևորությունը։ Դա ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև ազգային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման և, վերջապես, ողջ հասարակության արդյունավետ գործունեության հիմքն է։ Սակայն, նույնիսկ տնտեսապես զարգացած երկրներում միայնակ հնարավոր չէ լուծել առողջապահական խնդիրները»,-բացելով Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը նշել է ՀՀ առողջապահության նախարարը։

Համաժողովը հենց նպատակ է հետապնդում համատեղ քննարկելու երկու երկրի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, առողջապահական խնդիրները և դրանց համատեղ լուծման հնարավորությունները։

Նախարարը հատկապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության գործընկերների  հաջողությունները և կուտակված փորձը հատկապես  առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր գործիքների մշակման, էլեկտրոնային առողջապահության համակարգի և կանխարգելման ծրագրերի իրականացման, հանրային առողջության ոլորտում օրենսդրական բազայի ամրապնդման, բուժաշխատողների կարողությունների զարգացման, ազգային ուղեցույցների մշակման և բժշկական զբոսաշրջության խթանման  գործում:

Լևոն Ալթունյանը կարևորել է համագործակցությունը միգրանտների առողջության խնդիրների, ծխախոտի դեմ պայքարի, միասնական տնտեսական միության շրջանակներում դեղերի քաղաքականության իրականացման ուղղությամբ։

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան

նշել է, որ հայ-ռուսական առողջապահական համաժողովը,  որպես ավանդական հարթակ, նպաստում է երկու երկրի առողջապահական համակարգերի միասնական սկզբունքների ձևավորմանը և թույլ  տալիս աշխատելու ինչպես միասնական Եվրասիական քաղաքականության շրջանակներում, այնպես էլ` միջազգային ասպարեզում:

«Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլև այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են պայքարը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, մեզ համար առաջնահերթություն հանդիսացող` առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը»,- ասել է  Վերոնիկա Սկվորցովան:

Նա կարևորել է, որ առաջիկյում Ուրուգվայում անցկացվելիք առողջապահական գլոբալ համաժողովի քննարկման առանցքում լինելու է ծխելու դեմ պայքարը: Խնդիր, որ քննարկվելու է նաև այս համաժողովում։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը  նշել է, որ համաժողովը երկու երկրի բժիշկների համար լավ հնարավորություն է փոխանակելու իրենց փորձը, իսկ փորձի փոխանակումն, անկասկած, կհանգեցնի ընդհանուր զարգացման:

Այսօր, համաժողովի ավարտին կստորագրվի երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև հանրային առողջության ոլորտում  §Հանրային առողջապահություն 21¦  գիտական ամսագրի համատեղ ստեղծման համաձայնագիր, ինչպես նաև  համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ հայտարարություն: