Մ․Թ․Բ-ն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն ազգությամբ թուրք է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր բացակայության պայմաններում դատապարտելու որոշման և գործը կրկին քննելու մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշման վերաբերյալ։

2004 թվականի հոկտեմբերին Դիմումատուն դատապարտվել է՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքը խախտելու համար։ Դատարանը նրա նկատմամբ գրավ է նշանակել՝ որպես խափանման միջոց։ Դիմումատուի գործով դատավարությունն իրականացվել է նրա բացակայության պայմաններում։ Ստամբուլի դատարանը ծանուցագրեր է ուղարկել այն ընկերության հասցեով, որտեղ աշխատել է Դիմումատուն, սակայն համապատասխան ժամանակահատվածում նա արդեն լքել էր այդ ընկերությունը։

Դիմումատուն տեղեկացել է իրեն դատապարտելու որոշման մասին 2006 թվականին, երբ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Դիմումատուի Ստամբուլի բնակարան, ներկայացրել են նրան ձերբակալելու մասին Դատարանի կողմից տրված հրամանը և տեղափոխել են Դիմումատուին Ստամբուլի ոստիկանության բաժին։ Ոստիկանության աշխատակիցները զգուշացրել են Դիմումատուին, որ վերջինս պարտավոր է վճարել դատական կարգով իրեն նշանակված տուգանքը, հակառակ դեպքում՝ նրան կկալանավորեն և կտեղափոխեն բանտ։

Դիմումատուն բողոքել է 2004 թվականին դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն ապարդյուն։ Թուրքիայի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում գործող օրենսդրության համաձայն՝ ներպետական դատական ատյանները ծանուցագրեր են ուղարկել և տեղեկացրել են Դիմումատուին՝ Դատարան ներկայանալու որոշման մասին։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր բացակայությամբ իրականացված դատավարության արդարացիության մասին։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ ներպետական դատական ատյանները չեն փորձել գտնել իր բնակության նոր հասցեն, ինչի արդյունքում գործով դատավարությունն իրականացվել է իր բացակայության պայմաններում։ Դիմումատուն նաև բողոքել է դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու համար իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական ) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․200 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։