Մայրը 1.5 մետր բարձրությունից գլխիվայր հատակին գցելու միջոցով սպանել է նորածին երեխային

Սյունիքի մարզի բնակչուհին երեխային   վաճառելու փորձ է կատարել, սակայն հոգեճնշող վիճակում վերջինիս դիտավորությամբ սպանել է: 

2017թվականի հունիսի 22-ին նախաքննության մարմինը Էմիլիա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով և 106 հոդվածով, որ նա, 2017 թվականի մայիսի կեսերին, իրեն պատկանող բնակարանում 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վերանորոգում կատարելու պայմանով, դեռևս չծնված երեխային փորձել է վաճառել Կապան քաղաքի բնակիչ Վաչե Դավթյանին, սակայն երեխայի վաճառքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ նորածին երեխայի` 2017 թվականի մայիսի 31-ին ծնված Աշոտ Պետրոսյանի մոտ ախտորոշվել է «Դաուն» տիպի հիվանդություն և Վաչե Դավթյանը հրաժարվել է գնել:

Այնուհետև Էմիլիա Մկրտչյանը, տեղեկանալով նորածին երեխայի հիվանդության մասին ու գտնվելով հոգեճնշող վիճակում, 2017 թվականի հունիսի 12-ին` ժամը 14:00-ի սահմաններում, քրոջ` Նունե Մկրտչյանի վարձակալած` Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 12/5 բնակարանի ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, 1.5 մետր բարձրությունից գլխիվայր հատակին գցելու միջոցով սպանել է նորածին երեխային` Աշոտ Պետրոսյանին, և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով վերջինիս դիակը թաղել Կապան քաղաքի Կավարտ բանավանից Առաջաձոր գյուղ տանող ճանապարհի ձախակողմյան անտառում:
2017 թվականի հունիսի 22-ին Էմիլիա Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մինչ դատաքննությունն սկսելը՝ ամբաստանյալ Էմիլիա Մկրտչյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ն.Օհանյանի նախագահությամբ:

Դատարանը  Էմիլիա Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով և 106 հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ՝ որպես պատիժ, նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով՝ որպես պատիժ, նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով պատիժ նշանակել ազատազրկում 3  տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել Էմիլիա Մկրտչյանի ձերբակալման տակ գտնվելու երեք օրը վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2  տարի 11 ամիս 27  օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կարգով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3  տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա։
Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Էմիլիա Մկրտչյանի վրա դնել պարտականություն` չփոխել մշտական բնակության վայրը:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` մեկամսյա ժամկետում, այն չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: