ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգտության խորհրդի զինված հակամարտության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված նիստը։ Նիստին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում գործնական միջոցներ ձեռնարկել:

Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ կոռուպցիան կարող է հանգեցնել զինված հակամարտությունների առաջացմանը և կապված է անկայունության և բռնության տարբեր ձևերի և դրսևորումների հետ: Բացի այդ, նա իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ կոռուպցիան կապված է ահաբեկչության և բռնի ծայրահեղականության հետ, քանի որ կոռուպցիայի օգնությամբ ձեռք բերված միջոցները կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման համար:

«Անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեան բազմիցս հաստատել են կոռուպցիայի, ահաբեկչության և բռնի ծայրահեղականության միջև կապը: Անօրինական կերպով ձեռք բերված միջոցները կարող են օգտագործվել հանցագործությունների, ծայրահեղական գործողությունների կամ ահաբեկչության ֆինանսավորման համար։ ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ՝ կաշառակերությունը հատկապես տարածված է հակամարտության գոտիներում: Համաշխարհային բանկի հաշվարկներով՝ ամեն տարի ընկերությունները և անհատները 1 տրլն դոլար գումարի չափով կաշառք են վճարում, իսկ անպատժելիությունը խրախուսում է կոռումպացված պաշտոնյաներին»,- նշել է Գլխավոր քարտուղարը։

«Կոռուպցիայի հետևանքով խախտվում են քաղաքացիների իրավունքները: Մարդիկ ամբողջ աշխարհում վրդովված են իրենց կոռումպացված առաջնորդների և հասարակության մեջ խորապես ներթափանցած կոռուպցիայի պատճառով։ Այս և այլ հանգամանքների համար մենք պատասխանատավություն ենք կրում քաղաքացիների առջև և պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անկախ դատարանների ստեղծման, խոսքի ազատությունը ապահովելու և կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարելու ուղղությամբ»,- հավելել է Գլխավոր քարտուղարը: Վերջինս իր ելույթում նաև նշել է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարում զբաղեցնեն առաջադեմ դիրքերը և հատուկ ուշադրություն դարձնեն հակակոռուպցիոն ազգային կառույցների և իրավապահ մարմինների գործունեության և իրականացրած աշխատանքների վրա։ Նա կոչ է արել բոլոր անդամ պետություններին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման ավելի մեծ վճռականություն ցուցաբերել և գործնական քայլեր ձեռնարկել՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ: