ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

2009 թվականին ՄԱԿ-ի ԸՆդհանուր վեհաժողովը հռչակել է օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օր։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հիշեցրել է, որ միայն 2017 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդկանց օգնություն ցուցաբերելու և հումանիտար գործունեություն ծավալելու արդյունքում սպանվել է ՄԱԿ-ի 139 հումանիտար աշխատող, 102 աշխատող վիրավորվել է և 72 աշխատող՝ առևանգվել է։ Տխուր ցուցանիշ է գրանցվել նաև 2013 թվականին։ Այդ տարի սպանվել է ՄԱԿ-ի 156 հումանիտար աշխատակից։ Նման ցուցանիշները, դժբախտաբար, ցույց են տալիս, որ հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության տենդենցը շարունակում է պահպանվել:

Գլխավոր քարտուղարն իր ելույթի ժամանակ կոչ է արել հարգել ՄԱԿ-ի 22 աշխատակիցների հիշատակը, ովքեր զոհվել են 2003 թվականին Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ռմբակոծության ժամանակ: Նա նշել է, որ ՄԱԿ-ը հիշում է բոլոր գործընկերներին և ընկերներին, ովքեր զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս, և գնահատում է այն ահռելի աշխատանքը, որը կատարում են հումանիտար ոլորտի աշխատողները՝ աշխարհով սփռված միլիոնավոր կարիքավոր մարդկանց օգնելու նպատակով։ Ամեն օր մարդասիրական օգնության աշխատողներն օգնում են կարիքավոր միլիոնավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր վայրերում: Մարդասիրության համաշխարհային օրն առիթ է ճանաչելու նրանց, ովքեր ուրիշներին օգնելու համար վտանգների և նեղությունների են դիմակայում, ինչպես նաև ուշադրություն հրավիրելու միջազգային համագործակցության կարևորության վրա՝ մարդասիրական կարիքները հոգալու գործում։

Այս տարի ՄԱԿ-ը և նրա գործընկերները դիմել են համաշխարհային առաջատարներին՝ խաղաղ բնակչությանը և հումանիտար աշխատողներին պաշտպանելու խնդրանքով։ ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր անդամ պետություններին միանալ #NotATarget նախաձեռնությանը և կատարել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իրենց պարտականությունները։

Օգոստոստի 16-ին Ժնևի գրասենյակում ՄԱԿ-ի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհված հումանիտար աշխատողների հիշատակին։