Կուրսանտի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց:

Հետաձգման պատճառն ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայությունն էր:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարող իրականացնել Ազարյանի պաշտպանությունը: Մովես Ազարյանն էլ դատարանին տեղեկացրել էր, որ իր ծնողներն արդեն զբաղվում են նոր պաշտպանի հարցով:

Այսօրվա նիստի ժամանակ Ազարյանը դատարանին հայտնեց, որ իր ծնողներն արդեն փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ ձեռք են բերել համաձայնություն և հնարավոր է, որ նա ստանձնի իր պաշտպանությունը: Ամբաստանյալի խոսքերով փաստաբանին արդեն տրամադրվել է գործի նյութերը և առաջիկայում փաստաբանը կայցելի իրեն և վերջնական որոշում կկայցանի:

Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ հայտնեց, որ դատարանը միջոցներ կձեռնարկի գործընթացն արագացնելու համար և կապ կհաստատի փաստաբանի հետ:

«Եթե այս ընթացքում տեղեկություն ստացվի, որ փաստաբանը չի ցանկանում իրականացնել ամբաստանյալի պաշտպանությունն, ապա դատարանը միջոցներ կձեռնարկի գործում հանրային պաշտպան ներգրավելու ուղղությամբ»,- իր խոսքում ասաց դատավորը:

Արդյունքում դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայնա հուլիսի 16-ին:

Նշենք, որ սույն քրեական գործով ցուցմունք են տվել ամբաստանյալներ Գնել Թևոսյանն ու Վաչե Սահակյանը, վերջիններս չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը և դատարանում հայտնել են, որ իրենց և գործով վկաների նկատմամբ Ռազմական ոստիկանությունը ճնշումներ է իրականացրել: Գործով մյուս ամբաստանյալներ Նորիկ Սահակյանն ու Վարազդատ Սաֆարյանըն էլ հրաժարվել են ցուցմունք տալուց: Առաջիկայում ցուցմունք պետք է տա Մովսես Ազարյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: