Կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար նախատեսվում է պատիժ

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու  համար:

ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն պաշտոնատար անձին կաշառք տալու համար:

1. Պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2.Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Կաշառք տալը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Կաշառք տվող անձը կարող է ազատվել քրեական պատասխանավությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ, եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին՝ հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

Իսկ ՀՀ Քրական օրենսգրքի 313-րդ հոդվածի համաձայն կաշառքի միջնորդությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը՝ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: