ԵԼՔ խմբակցության պատգամավորները երաշխավորություն են ստորագրել նաև Տիգրան Մազմանյանի համար

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը և Գևորգ Գորգիսյանը երաշխավորագիր են ստորագրել քաղակտիվիստ Տիգրան Մազմանյան-ի համար համաձայն

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի՝ անձնական երաշխավորություն՝

1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

2. Երաշխավորող կարող է լինել չափահաս ֆիզիկական անձը: Ընդ որում, անձը պետք է մուծի դրամական գումար` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

3. Երաշխավորողների թիվը երկուսից պակաս չի կարող լինել: Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում նաև Կարեն Հարությունյանին անձնական երշխավորություն տալու վերաբերյալ. «Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան իմ, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից անձնական երաշխավորություն է ուղարկվել՝ այս պահին ձերբակալված Կարեն Հարությունյանի համար՝ նրան չկալանավորելու և գրավի դիմաց ազատ արձակելու համար»։

Պատգամավոր Մարուքյանը հրապարակէլ է նաև  երաշխավորության ամբողջական տեքստը։