«Դուք կայացրիք մի որոշում, որով վիրավորցեիք և´ մեզ, և´ մեր ժողովրդին». Պավել Մանուկյանը դիմեց դատավորին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Նիստի ընթացքում Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ դատավորի ինքնաբացարկի միջնոդությամբ։ Պաշտպանի խոսքերով դատավորը պետք է վայր դնի այս գործը՝ ապօրինությանը վերջ տալու համար։

Ներկայացված միջնորդությանը միացան մի քանի պաշտպաններ, իսկ դեմ արտահայտվեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

«Ինչպե՞ս է հավանական, որ այսքան դատավորների մեջ, այս գործը հենց պարոն Մակյանին հանձնարարվի, մյուս գործը պատահաբար հանձնարարվի Արթուր Օհանյանին, իսկ այն մյուսն էլ մնա Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Հավանականությունը շատ փոքր է, որ այսպես սիրուն բաշխվել են այս գործերը տվյալ անձանց, հատկապես, երբ այդ մասին արդեն բոլորը գիտեին»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Պարոն Ալումյանի խոսքերով դատավոր Մակյանը շատ ավելի լավ կարող է իրականացնել այս դատավարությունը․ «Այն թերությունները, որոնք մենք տեսնում էինք Արտուշ Գաբրիելյանի մոտ, այստեղ չկան։ Նրան ընտրել են, բայց վատն այն է, որ ինքն էլ համաձայնվել է, այն դեպքում, երբ ինքն այս դատարանի դատավոր չէ»։

Ընդմիջումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո անցում կատարվեց դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդության քննարկմանը։

Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդությամբ էր հանդես եկել Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, որի քննարկումը հետաձգվել էր, քանի որ դատավարության  ոչ բոլոր կողմերն էին ներկա միջնորդության քննարկմանը։

Միջնորդությանն առարկեց  դատախազ Արամ Արամյանը՝ նշելով, որ այն իրավական որևէ հիմք չունի։ Ի պատասխան դատախազի Արայիկ Խանդոյանը տեղից բղավեց․ «Իյա՜, իրո՞ք»։

Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց այն մերժել, քանի որ ըստ նրա ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։

Միջնորդության մերժումը ‹‹Սասնա ծռեր›› խմբի անդամները համարեցին վիրավորկան քայլ իրենց հանդեպ։

«Դուք կայացրիք մի որոշում, որով վիրավորցեիք և´ մեզ, և´ մեր ժողովրդին»,- ասաց Պավել Մանուկյանը՝ նշելով, որ դատախազ Պետրոս Պետրոսյանն այս դահլիճում գտնվելու իրավունք անգամ չունի։

Պավել Մանուկյանի խոսքը շարունակեց Արայիկ Խանդոյանը․ «Ուզում եմ հավատամ, որ դուք չեք լինի  որպես կատարածու, այլ կլինեք իրական դատավոր»։ Այս խոսքերից հետո դատավորը Խանդոյանի նկատմամբ կիրառեց սանկցիա՝ նախազգուշացում, հորդորելով չվիրավորել դատարանին։ Ի պատասխան դատավորին Խանդոյանն ասաց․ «Ես ձեզ չեմ վիրավորում, ես  ձեզանից պահանջում եմ, որ դուք չլինեք այդ մարդը»։

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն էլ իր հերթին հայտնեց, որ դատական համակարգը  հասկանում է, որ սա քրեական գործ չէ․ «Դուք թատրոնն եք շարունակում»։

Դատավորության ընթացքում ընթերցվեցին գործով տուժող ճանաչված կառույցների և ընկերությունների գրությունները, որոնք ուղարկվել էին դատավորին։

Նշենք, որ տուժողներից շատերը  խնդերել են, որ գործի քննությունն իրականանա առանց իրենց ներկայության, իսկ նրանց մի մասն էլ դեռևս չի ծանուցվել։ Փաստաբան Հայկ Ալումյանն էլ դատարանին հայտեց, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ գործի քննությունը չի կարող շարունակվել, եթե տուժողները չեն ծանուցվել։

Հավելենք, որ փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Ինեսսա Պետրոսյանը հեռացան դատարանից նախքան գործի քննության  ավարտը՝ խնդրելով դատարանից հետաձգել գործի քննությունը, սակայն դատավոր Մակյանը որոշեց այն չհետաձգել` համարելով, որ պաշտպանների բացակայությունը չի խոչընդոտում գործի քննության շարունակելուն։

Այս հանգամանքը դուր չեկավ փաստաբաններին և նրանք  որոշեցին չներկայացնել իրենց միջնորդությունները։ Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ միջնորդեց հետաձգել գործի քննությունը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ նշելով, որ երկուշաբթի օրերը նիստը անպայման տեղի է ունենալու։

Հաջերդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 13-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի