Գասպարն ընդդեմ Ռուսաստանի, Զեզևն ընդդեմ Ռուսաստանի

Երկու գործերը վերաբերում են Դիմումատուների ներկայացրած բողոքներին, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց Ռուսաստանից արտաքսելու որոշման վերաբերյալ։

Առաջին Դիմումատուն՝ Ջեննիֆեր Սուզաննե Գասպարը, ազգությամբ ամերիկացի է, ծնվել է 1971 թվականին և ներկայումս բնակվում է Չեխիայի Պրահա քաղաքում։ Դիմումատուն ամուսնացած է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի անձի հետ և ունի մեկ դուստր։ 2004 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում առաջին Դիմումատուն բնակվել է Ռուսաստանում՝ մշտական բնակության թույլտվության հիման վրա։ 2013 թվականին Դիմումատուն դիմել է համապատասխան մարմիններին՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերելու համար, սակայն Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները տեղեկացրել են Դիմումատուին, որ վերջինիս ներկայությունը երկրում կարող է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ հանդիսանալ։ Այսպիսով, Ռուսաստանի Միգրացիոն Դաշնային ծառայությունը մերժել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար Դիմումատուի ներկայացրած դիմումը և որոշում է կայացրել՝ նրա մշտական բնակության թույլտվությունը չեղյալ ճանաչելու մասին։ Ռուսաստանի միգրացիոն ծառայության մարմինները ծանուցել են Դիմումատուին՝ Ռուսաստանի տարածքը լքելու որոշման մասին։ Առաջին Դիմումատուն լքել է երկիրը 2014 թվականի օգոստոսի 23-ին։ Դիմումատուն բողոքել է իրեն երկրից արտաքսելու որոշման դեմ և կրկին մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմում է ներկայացրել, սակայն ապարդյուն։

Երկրորդ Դիմումատուն՝ Ալեքսանդր Զեզևը, ազգությամբ ղազախ է, ծնվել է 1979 թվականին։ Ըստ երևույթին, ներկայումս նա բնակվում է Ղազախստանում։ 2005 թվականին Դիմումատուն տեղափոխվել է Ռուսաստան՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուի ծնողները և եղբայրը նույնպես բնակվել են Ռուսաստանում՝ օտարերկրացիների համար մուտքի վիզայի և ժամանակավոր կացության թույլտվության հիման վրա։ Հետագայում, երկրորդ Դիմումատուն ամուսնացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի կնոջ հետ, և համատեղ կյանքի ընթացքում նրանք երկու զավակ են ունեցել։ Երկրորդ Դիմումատուն նույնպես դիմում է ներկայացրել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերելու համար, սակայն Ռուսաստանի Միգրացիոն Դաշնային ծառայությունը մերժել է վերջինիս դիմումը՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության ներկայացրած զեկույցը։ Իրավապահ մարմինները տեղեկացրել են Դիմումատուին, որ նրա ներկայությունը երկրում Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է հանդիսանում։ Այնուհետև, երկրորդ Դիմումատուն ծանուցում է ստացել՝ Ռուսաստանի տարածքը լքելու որոշման մասին, սակայն շարունակել է բնակվել Ռուսաստանում։ 2013 թվականին Դիմումատուն կալանավորվել է և արտաքսվել է Ռուսաստանից։ Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բոլոր բողոքները՝ իրեն երկրից արտաքսելու որոշման մասին։

Երկու Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)  խախտում։  Երկու գործերի շրջանակներում Դիմումատուները բողոքել են իրենց ընտանեկան կյանքը խաթարելու և երկրից արտաքսելու որոշման արդարացիության վերաբերյալ։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ հնարավորություն չեն ունեցել իրենց գործով դատաքննության փուլում հերքել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության ներկայացրած զեկույցները՝ գործին առնչվող բոլոր փաստաթղթերը գաղտնի պահելու պատճառով։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ երկու Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատու Գասպարին վճարել 12․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․642 եվրո՝ դատական ծախսերի համար։

Երկրորդ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատու Զեզևի կնոջը վճարել 12․500 եվրո գումարի չափով փոխհատուցում։

Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է վճարել վերոգրյալ գումարները վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, և այդ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։