Աշխատանքային անվտանգություն մաս 1․ կարևորությունը, նորմերը, խախտումները, իրավունքների վերականգնումը, վարձատրությունը

Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի

Ի՞նչ է աշխատանքի անվտանգությունը:

Աշխատանքի անվտանգությունը սահմանադրաիրավական ենթատեքստում և լայն ընկալմամբ` պետության պարտականությունն է` ստեղծել և զարգացնել այնպիսի օրենսդրություն, որն ուղղված է աշխատանքի ընթացքում աշխատողի կյանքը, առողջությունը, արժանապատվությունը պահպանելուն, ինչպես նաև պետության պարտականությունն է վերահսկել գործատուների կողմից նման օրենսդրության պահանջների պահպանումը: Հայաստանի Հանրապետության նման պարտականությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն հռչակելուց և ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածից, որի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Աշխատանքային իրավահարաբերությունները կանոնակարգող, այդ թվում նաև՝ անվտանգ աշխատանքի պայմաններն ապահովող օրենսդրության զարգացումը և նման դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը սոցիալական պետության պարտականություններից է:

Առավել նեղ ընկալմամբ՝ աշխատանքի անվտանգությունը գործատուի պարտականությունն է` պետության սահմանած չափորոշիչներին համապատասխան, ստեղծել աշխատողի կյանքը, առողջությունը, արժանապատվությունը պահպանող աշխատանքային պայմաններ, և աշխատողի իրավունքն է աշխատել նման աշխատանքային միջավայրում:

Պահպանվում է արդյո՞ք աշխատանքի անվտանգությունը ՀՀ-ում:

Պետք է ամրագրել, որ ՀՀ-ում դեռևս անհրաժեշտ ուշադրությամբ աշխատանքի անվտանգության ապահովման խնդրի լուծմանն անդրադարձ չի կատարվում: Թեև առկա է աշխատանքի անվտանգության ապահովմանն ուղղված իրավական դաշտ, սակայն գործատուները չեն պահպանում այդ նորմերը, իսկ անհրաժեշտ հսկողություն պետության կողմից՝ չկա:

Գործատուները ոչ միայն չեն ստեղծում անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ, այլև չեն ծանոթացնում աշխատողին աշխատավայրում գործող անվտանգության կանոններին: Աշխատողին անվտանգության կաննոներին ծանոթացնելը կարող է կատարվել գործատուի կողմից՝ դրանք կազմակերպության ներքին կարգապահական կանոններում ընդգրկելով, սակայն, ներկայումս չի կատարվում նաև այս պարտականությունը:

Ի տարբերություն ՀՀ-ում առկա իրականության՝ աշխատանքի անվտանգության ապահովման խնդիրը միջազգային հարթակում աշխատանքային իրավահարաբերություններում առկա առաջնային խնդիրներից է: Միջազգային խոշոր գործատուներն իրենց գործունեության հաջողության տասնյակ ցուցանիշներից աշխատանքի անվտանգությունը և իրենց աշխատողների առողջությունը՝ աշխատակազմի պատշաճ որակավորումից հետո, երկրորդ կարևորագույն ցուցանիշն են համարում: Աշխատանքի անվտանգությունը ժամանակակից պետությունների սոցիալական քաղաքականության կարևորագույն տարրերից է: Եվրոպական միության երկրներում ներկայումս հաճախակի է բարձրացվում աշխատանքի անվտանգության ապահովման մշակույթ ձևավորելու հարցը:

Ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել աշխատանքի անվտանգությունը, ի՞նչով է այն կարևոր:

Աշխատանքի անվտանգության պայմանների ապահովման կարևորությունն ամենից առաջ թելադրված է նրանով, որ մարդը, նրա կյանքը, առողջությունը բարձրագույն արժեքներ են: Ո´չ աշխատավարձի չափը, ո´չ գործատուի կողմից մատուցվող ծառայությունների կամ արտադրանքի բարձր որակը, ո´չ գործատուի ֆինանսական ակնկալիքները և պարտավորությունները չեն կարող հիմք հանդիսանալ աշխատողի կյանքն ու առողջությունն ապահովելու պահանջը անտեսելու համար:

Հիշյալից էլ զատ, աշխատավայրում աշխատանքի անվտանգության ապահովումը աշխատողի մոտ առաջացնում է գործատուի հանդեպ կայունության, վստահության զգացողություն։ Դա ազդակ է աշխատողի համար, որ գործատուն հետաքրքրված է իր աշխատողների պատշաճ կյանքի և առողջության խնդրի ապահովմամբ: Իսկ աշխատանքային նման միջավայրն անմիջապես իր ազդեցությունն է ունենալու աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա: Առանց աշխատանքային անվտանգության ապահովման հնարավոր չէ հասնել աշխատավայրում ցանկալի արդյունավետության:

Առկա են իրավական, հոգեբանական և մի շարք այլ գործոններ, որոնցով պայմանավորվում է աշխատանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Ի՞նչ պատասխանատվություն է առկա գործատուի կողմից աշխատանքային անվտանգության նորմերը չպահպանելու համար, և ի՞նչպես աշխատողը կարող է վերականգնել իր խախտված իրավունքները:

Ինչպես արդեն նշվեց, ներկայումս ՀՀ-ում գործատուները գլխավորապես չեն ապահովում աշխատանքային գործունեության անվտանգ միջավայր, սակայն, հարկ է փաստել, որ առկա են մի շարք իրավական ակտեր, որոնց միջոցով աշխատողը կարող է պաշտպանել իր իրավունքները՝ միևնույն ժամանակ ՀՀ-ում աշխատանքի անվտանգության պահպանման մշակույթ ձևավորելով:

Այսպես, որոշակի կատեգորիայի համապատասխանող աշխատավայրերում գործատուի կողմից աշխատանքի անվտանգության պայմանները չապահովելու համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝

արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից բազմիցս խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 961-րդ հոդվածի համաձայն՝

աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սակայն, հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հիշյալ հոդվածները վերաբերում են միայն արդյունաբերության, էլեկտրական, ջերմային և ատոմային օգտագործման բնագավառի շուրջ առաջացող աշխատանքային իրավահարաբերություններին:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն՝

տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  Աշխատանքի անվտանգության նորմերը խախտելու համար պատասխանատվություն նախատեսող հիշյալ նորմերից զատ, աշխատանքի անվտանգության մասով աշխատողի իրավունքի պահպանման երաշխիքներ է սահմանում ՀՀ աշխատանքային օրենսգիրքը «պաշտպանություն ժամանակով» սկզբունքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝

աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

արտաժամյա աշխատանքը սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ մասերով կամ 140-րդ կամ 141-րդ հոդվածներով կամ 142-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով կամ 7-րդ մասով կամ 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝

     արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիշյալ հոդվածների հիման վրա կարելի է ամրագրել հետևյալը.

  • բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանները չեն համապատասխանում առողջության և անվտանգության այն պայմաններին, որոնք նախատեսված են համապատասխան իրավական ակտերով՝ աշխատողի աշխատաժամանակը չի կարող սահմանվել  շաբաթական 36 ժամից ավելի.
  • 144-րդ հոդվածի ուժով առողջության և անվտանգության անվտանգ պայմաններին չհամապատասխանող աշխատավայրում աշխատողի աշխատաժամանակը 36 ժամը գերազանցելու դեպքում` շաբաթական 36 ժամից ավել աշխատանքը համարվում է արտաժամյա աշխատանք.
  • առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող աշխատավայրում աշխատողի շաբաթական 36 ժամ աշխատաժամանակից յուրաքանչյուր ավել ժամի համար՝ որպես արտաժամյա աշխատանք, գործատուն պարտավոր է վճարել յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով.

Այսպես, հիշյալ հոդվածների ուժով՝ այն աշխատողները, որոնք աշխատում են առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող աշխատավայրում շաբաթական 40 ժամ կամ ավելի, կարող են գործատուից պահանջել կա´մ շաբաթական աշխատաժամանակը կրճատել մինչ 36 ժամի, կա´մ 36 ժամից ավել արտաժամյա աշխատանքի համար վճարել ժամային դրույքաչափից բացի, հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

Շարունակությունը՝ այստեղ։