ԱՄՆ-ն դուրս է եկել Միջազգային դատարանում Վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությունից

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ Միջազգային դատարանում Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությունից: Արձանագրությունը սահմանում է, որ այն վավերացրած երկրները պարտավորվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կարգավորել Վիեննայի կոնվենցիայի իրականացման հետ կապված վեճերը։

Ավելի վաղ, Պաղեստինը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Հաագայի Միջազգային դատարան՝ Թել Ավիվում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Հիմք ընդունելով 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան, որի դրույթների համաձայն՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է տեղակայված լինի ընդունող պետության տարածքում, Պաղեստինի ինքնավար վարչակազմը բողոքել է, որ ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին կայացված որոշմամբ ԱՄՆ իշխանությունները խախտել են Վիեննայի կոնվենցիան։

Բոլթոնի խոսքերով՝ Վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությունից դուրս գալու մասին կայացված որոշումը պայմանավորված է Միջազգային դատարան ԱՄՆ-ի դեմ Պաղեստինի կողմից ներկայացված հայցով։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն դուրս չի եկել հենց Վիեննայի Կոնվենցիայից և կոչ է արել կոնվենցիան ստորագրած բոլոր երկրներին կատարել կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունները:

Նշենք, որ մինչ այդ էլ ԱՄՆ-ն ճանաչել է Միջազգային դատարանի իրավասությունը միայն մասամբ և չի կատարել երկրի վերաբերյալ Միջազգային դատարանի կայացրած որոշումները: