Այսօր Երևանի ընդհանուր իրավասույթան դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և արդյունքում՝ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Էդվարդ Ներսիսյանը` «Ապարը»:
Հավելենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Հայրենիք ու պատիվ» կուսակցության Գառնիկ Մարգարյանի համար:
Նշենք նաև, որ նախորդ դատական նիստի ժամանակ՝ հունիսի 15-ին, Էդվարդ Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրեց`իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին, ինչին ի պատասխան մեղադրող կողմը չէր առարկել: Պաշտպանը միջնորդության հիմքում նշել էր Էդուրադ Ներսիսյանի առողջանակ վիճակը, ինչպես նաև վերջինիս դրսևորած օրինակելի վարքը:
Հավելենք, որ Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց Վահագն Սալնազարյանի և Վահան Շիրխանյանի խափանման միջոցի փոփոխման պաշտպանների միջնորդությունները :
Անդրադառնանք նաև այն փաստին, որ երկու տարուց ավել տևող դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների պաշտպանները բազմիցս միջնորդել են խափանման միջոց կալանավորումը փոփոխելու համար, սակայն դատավորը մերժել է:
Գառնիկ Մարգարյանին և Էդվարդ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նրանք 2015թ. մայիսից հետո անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրա առաջարկությամբ ստանձնել են մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: