HSBC բանկի մոտ հրազենային վնասվածք ստացած անձը ՊՊԾ ջոկի հրամանատար էր

Այսօր Ոստիկանության լրատվության վարչության պետ  Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝

«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»։

Նշենք, որ Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: