Վլադիմիր Ուշակովն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Վլադիմիր Նիկոլաևիչ Ուշակովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում։ Գործը վերաբերում է երեխայի միջազգային առևանգման մասին Դիմումատուի ներկայացրած բողոքին։

Ֆինլանդիայում բնակվելու ժամանակ Դիմումատուն ամուսնացել է ազգությամբ ռուս մի կնոջ հետ։ 2012 թվականին ծնվել է Դիմումատուի դուստրը։ Նույն թվականին Դիմումատուի կինը 2 անգամ կաթվածահար է եղել, և երեխային խնամել է Դիմումատուն։ Դիմումատուի և նրա կնոջ հարաբերությունները սրվել են, և 2013 թվականի հունիսին Դիմումատուի կինը մեկնել է Ռուսաստան՝ բուժման նպատակով։ 2013 թվականին Դիմումատուի կինը վերադարձել է Ֆինլանդիա, և սկսվել է ամուսնալուծության գործընթացը։ Դատարանը որոշել է, որ երեխան պետք է բնակվի Դիմումատուի հետ և երեխայի խնամակալությունը ծնողները պետք է ստանձնեն համատեղ։ Դիմումատուի նախկին կինը բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, Հելսինկիի Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։ 2015 թվականի փետրվարին Դիմումատուի նախկին կինը բողոք է ներկայացրել Հելսինկիի Գերագույն դատարանին, սակայն, մինչև որոշման հրապարակումը, առանց Դիմումատուի համաձայնության, երեխայի հետ մեկնել է Ռուսաստան՝ տեղեկացնելով, որ այլևս չի վերադառնալու։

Հիմք ընդունելով Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիան՝ Դիմումատուն իր իրավունքների խախտման մասին բողոք է ներկայացրել Սանկտ Պետերբուրգ քաղաքի դատարան՝ պահանջելով Ֆինլանդիա վերադարձնել իր երեխային։ Այնուամենայնիվ, դատարանը վճռել է, որ Դիմումատուի խնամակալության իրավունքները չեն խախտվել (Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիայի 3-րդ հոդված)։ Դատարանը պարզել է, որ երեխան Ֆինլանդիայի մշտական բնակիչ չի հանդիսանում, ուստի՝ կարող է լքել Ֆինլանդիայի տարածքը և մոր հետ բնակվել Ռուսաստանում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն, հիմք ընդունելով հոգեբանի եզրակացությունն այն մասին, որ  երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի վերջինիս, ինչպես նաև հաշվի առնելով երեխայի մոր առողջական ծանր վիճակը՝ Դիմումատուի բողոքը մերժվել է։

Այսպիսով, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է իր դստերը Ֆինլանդիա վերադարձնելու և նրա խնամակալության վերաբերյալ բոլոր պահանջներն ու բողոքները մերժելու Ռուսաստանի դատական ատյանների կայացրած որոշումների դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 16․250 եվրո գումարի չափով փոխհատուցում և 6․800 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ