Ըստ ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդի, կառավարությունը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշում

Ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը եվրոպական կառույցներին կոչ է անում ստիպել Ալիևի վարչակազմին կատարել ստանձնած պարտավորությունները:

Եվրոպայի խորհրդին հղած նամակում Մամեդովը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը՝ իրեն արդարացնելու հարցում:

Ընդդիմադիր գործիչը շեշտում է, որ արդարացված չլինելու պատճառով չի կարողանում առաջադրվել փետրվարի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Իլգար Մամեդովը 2013 թվականին՝ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել գործող նախագահ Իլհամ Ալիևի հետ, ձերբակալվել և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Նա ադրբեջանցի այն սակավաթիվ ընդդիմադիրներից է, ով ցանկություն է հայտնել չբոյկոտել առաջիկա ընտրությունները: «Ադրբեջանի իշխանությունները դիտավորյալ անտեսում են ինձ արդարացնելու ՄԻԵԴ-ի վճիռը», – գրել է Մամեդովը:

Անցյալ տարի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տվել չեղարկելու ընդդիմադիր գործչին և ևս 7 ակտիվիստներին վերաբերող բոլոր դատական վճիռներ, ինչը, սակայն, չի արվել: